Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Րաֆֆի Դավիթ-բեկ Երկրորդ գիրք (Զ)

Րաֆֆի Դավիթ-բեկ Երկրորդ գիրք (Զ)
Հովիվը, որ ընդունեց իր մոտ պատանի Դավթին, կոչվում էր Սիկո։ Քառասուն տարեկան հազիվ կլիներ նա․ մի հաստուպինդ մարդ էր Սիկոն թե խելքով և թե մարմնով։ Նրա ընտանիքը շատ մեծ չէր․ երկու աղջիկներ և մի տղա ուներ Սիկոն։ Որպես ամեն վրացի, դեպի իր ընտանիքը բնավ հոգ չուներ Սիկոն։ Նա այն աստիճան ընտելացած էր իր ոչխարների հետ և այնքան սիրում էր նրանց, որ բոլորովին մոռացել էր թե կնոջը և թե զավակներին։ Խիստ հազիվ էր պատահում, որ Սիկոն իր տան շեմքի վրա ոտք կոխեր, այդ պատճառով Մցխեթի մեջ առակ էր դարձել ամեն մի հնության մասին ասել․ «Այդ անցքը այն տարում պատահեց, երբ Սիկոն եկել էր իր տունը»։ Ամբողջ ցերեկը իր հոտի հետ անց էր կացնում նա արոտատեղերում, իսկ գիշերը պառկում էր իր տիրոջ գոմի մեջ, որ մի քանի քայլ միայն հեռու էր իր տնից։ Որպես վարձ իր ծառայության համար, ամեն տարի մեծ պարոնի կալից ստանում էր Սիկոն հինգ ջվալ սիմինդր, հարյուր չափ գինի, տասնևերկու րիալ փող, մի շապիկ, մի ոտաշոր, երկու զույգ տրեխներ, մի խոսքով մոտավորապես նույնքան, որքան ստանում էր մի գնդապետ։ Այդ նախանձելի ռոճիկը տալիս էին Սիկոյի տանը և նրա ընտանիքը կերակրվում էր։ Իսկ պատանի Դավիթը, մեծ պարոնի մեծ հովվի օգնականը, ռոճիկ չէր ստանում․ դրա համար պետք էր դեռ երկար ծառայություն․ նա ստանում էր ամեն առավոտ միայն օրական հաց, որը իր մախաղի մեջ դրած, տանում էր հետը, բացի դրանից, ստանում էր ամեն տարի մի ձեռք հագուստ։

Այսուամենայնիվ, նա շատ գոհ էր իր նոր վիճակով։ Լեռնային օդը, արձակ կյանքը նրա վրա խիստ բարերար ազդեցություն գործեցին։ Եղանակի խստությունից կոշտացած և արևից այրված նրա դեմքը թեև այժմ կորցրել էր իր նախկին քնքշությունը, բայց ավելի այրական կերպարանք էր ստացել, որ արտահայտում էր երկաթի առողջություն և մարմնի անհամեմատ զորություն։ Նրան այժմ դժվար էր ճանաչել իր հովվական նոր հագուստի մեջ, որ ոտքից մինչև գլուխ բաղկացած էր անասունների կամ մորթից կամ կաշուց։ Գլխին դրած ուներ մուրգուզ այծերի մի տեսակն է, որ երկայն, գանգրահեր մազեր ուներ այծի մորթից գտակը, որի երկայն, գանգուր մազերը թափվում էին մինչև երեսի կեսը, կիսով չափ ծածկելով աչքերը։ Այդ տալիս էր նրա դեմքին մի ահավոր արտահայտություն։ Շապիկի վրա հագել էր գառան մորթից պատրաստած կարճ մուշտակը, գոտևորած նեղ, կաշյա փոկով, որից քարշ էին ընկած լեզգու խենջարը, վառոդի և գնդակի ամաններ, և յուղով լցրած, երկաթի մի տուփ` զենքեր օծելու համար։ Մուշտակի լերկ սեկը ծառայում էր որպես երես, իսկ մազոտ կողմը որպես աստառ։ Լայն շալվարը պատրաստված էր տեղային կոշտ չուխայից, որի ստորին մասը, ծնկներից ցած, հավաքված էր կաշուց կարած զանկալների մեջ։ Հետո մերկ, առանց գուլպայի ոտների վրա կապել էր տրեխները։
Հայրենիքից բերած իր բոլոր հարստությունը — ձին, հագուստը, փողերը — ծախսելեն հետո նա կարողացավ պահել զենքերը միայն։ Ներքինապետի թանկագին ընծան, Սյունյաց աշխարհի մի հզոր թագավորի թուրը, նա խնամքով փաթաթելով, պահ էր տվել իր նոր խնամակալի` Սիկոյի տանը․ նրան չէր գործածում, իսկ մնացածը` հրացանը, ատրճանակները և խենջարը գործ էր ածում։ Ավազակների բազմությունը առիթ էր տվել հովիվներին ցուպի հետ կրել և հրացան, իսկ մախաղի հետ` գնդակի ու վառոդի ամաններ։

Հաճախ կրկնվող գողությունները պատճառ էին տալիս պատանի Դավթին անդադար կռվել վտանգների դեմ։ Նա գործ ուներ բացի ավազակներից և գազանների հետ։ Լեռները, անտառները լիքն էին գայլերով, արջերով և վագրերով, իսկ դրանցից ավելի վատթար էին վայրենի օսերը, իմերելները, խեվսուրները և կովկասյան լեռների բազմաթիվ, խառնիճաղանջ ցեղերը։ Ամենի դեմ պետք էր պահպանել հոտը, ամենի հետ պետք էր կռվել։ — Ահա այդ սրի, վառոդի և արյան դպրոցից ստացավ պատանի Դավիթը իր սկզբնական պատերազմական կրթությունը։

Բարեսիրտ Սիկոն այնքան ներողամիտ էր դեպի իր պատանի օգնականը, որ երբեմն նրան թույլ էր տալիս հեռանալ հոտից և պարապվել որսորդությունով։ Այսպիսով նա ավելի վարժվեցավ հրացանաձգության մեջ և նրան հաջողվում էր գնդակահար առնել ոչ միայն նապաստակներ նրանց փախչելու միջոցում, այլ շատ անգամ սպանում էր արագավազ, վայրի այծեր, եղջերուներ, արջեր և այլ անասուններ։ Շուտով նա մեծ հռչակ ստացավ թե իր ընկերների և թե շրջակա լեռների հովիվների մեջ։ Նրա համբավը հասավ մինչև անգամ մեծ պարոնին, որին ծանոթ լինելու պատիվն ունեցավ, երբ իր որսերից երբեմն տանում էր տիրական սեղանի համար և փոխարենը նրան ընծայում էին վառոդ, գնդակ, և առատ գինի էին խմեցնում մեծ պարոնի մառանից։
Մեծ պարոնի այդ ողորմածությունը դեպի պատանին չափազանց ուրախացնում էր բարեսիրտ Սիկոյին, և նա մի առանձին նախազգացմունքով շատ անգամ կրկնում էր նրան․ — Ես իմանում եմ, դու վերջը թավադ (ազնվական) կդառնաս։

— Ինչո՞վ, — հարցնում էր պատանին, ինքն էլ չհավատալով իր ականջներին։

— Ինչպե՞ս թե ինչո՞վ, կդառնաս էլի, — պատասխանում էր նա հաստատ հավատով և պատմում էր պատանուն զանազան օրինակներ, որոնցից կարելի էր եզրակացնել, թե իր ենթադրությունը անտեղի չէր։

— Մի անգամ, — պատմում էր նա, — մեծ պարոնը ընթրիք պիտի տար իր դրանիկներին․ «Ո՞վ կլինի այն քաջը, որ կվորսա մի եղջերու իմ սեղանի համար», ասաց նա իր դիվանին։ Բոլոր թավադների որդիները վեր առեցին իրանց հրացանները, վազեցին դեպի լեռները, դեպի անտառները, ամբողջ օրը ման եկան և գիշերը դատարկ վերադարձան։ Այդ միջոցին մեծ պարոնի տունը ներս մտավ քեչալ Դարչոն, մի ահագին եղջյուր շալակած։ «Շատ լավ տղա ես, Դարչո», ասաց նրան մեծ պարոնը, իր ձեռքը նրա ուսին խփելով, և իսկույն հրամայեց հրովարտակ գրել, նրան թավադություն շնորհեց, և բացի դրանից, քառասուն տուն էլ ճորտեր բաշխեց։

— Ո՞վ էր այդ Դարչոն, — հարցրեց պատանին զարմանալով։

— Ո՞վ պետք է լիներ․ մի անգործ, արբեցող անպիտան, որ ամբողջ օրով կբաներ ամեն մի մարդու տանը, եթե նրան մի գավաթ գինի կտային։

Իսկ պատանին ոչ ազնվականության վրա էր մտածում, և ոչ ճորտերի, նա իրան բախտավոր ու երջանիկ էր համարում, երբ երբեմն տեսնում էր գեղեցիկ Թամարին, երբ լսում էր նրա բերանից մի քանի քաղցր խոսքեր և երբ զմայլում էր նրա դեմքի անմեղ ժպիտով։
Թամարը այժմ սկսել էր ավելի հաճախ գալ ոչխարների մոտ։ Նրա համար անտառային պտուղներ քաղելու հոգսը, որ առաջ կատարում էր Սիկոն, այժմ հանձն էր առել պատանին։ Նա գնում էր անտառի ամենախուլ տեղերը, մտնում էր թուփերի ամենախճճված թավուտների մեջ, պատառոտում էր իր հագուստը, փշերով ծվատում էր իր ձեռքերը, հազար ու մեկ վտանգների էր ենթարկում իր անձը, նրա համար նորանոր պտուղներ գտնելու համար։ Ահա այն բարձր ժայռից քարշ ընկած մացառների մեջ երևում են հասուն մորիներ, կամ կարմիր ելակներ, բայց այնտեղ բարձրանալու համար կարելի է ոտքը կոտրել, գլուխը ջախջախել, — այդ միևնույն էր Դավթի համար, վտանգներից չէր վախենում նա․ նա պատրաստ էր մինչև անգամ մահ հանձն առնել, միայն թե կարողանա քաղել խնդրած պտուղները։ Նա լցնում էր այդ պտուղները իր ձեռքով հյուսած փոքրիկ զամբյուղների մեջ և պահում էր Թամարի համար։

Մի անգամ պտուղները Թամարին տալու ժամանակ պատանին ընծայեց նրան և մի փունջ ծաղիկ։ Դավիթը զուրկ չէր քնքուշ զգացմունքներից, բայց նրան պակասում էր կիրթ ճաշակը։ Նա իր փունջը կազմել էր ամբողջապես դեղին ծաղիկներից։

— Ես դեղին ծաղիկներ չեմ սիրում, — ասաց Թամարը, թեև ընդունելով փունջը։

— Ապա ի՞նչ գույն ես սիրում, — հարցրեց պատանին, սաստիկ կարմրելով իր անշնորհքության վրա։

— Կարմիր, վարդագույն, մանիշակագույն, կապույտ, ու դրանց նմանները, — պատասխանեց Թամարը, միևնույն ժամանակ չդադարելով ճաշակել իրան մատուցած պտուղների հասունները։

— Ինչո՞ւ դեղինը չես սիրում։

— Չեմ սիրում, ինքս էլ չեմ իմանում, թե ինչու չեմ սիրում, — ասաց նա իր փունջի վրա նայելով։ — Ես դեղին գույնով շորեր էլ չեմ հագնում, երբ ինձ համար կարում են։

— Դու, երևի, կարմիրն ես սիրում․ — պատասխանեց պատանին մի առանձին հրճվանքով նայելով Թամարի վրա։ — Առաջին անգամ, երբ ես քեզ տեսա, էլի այսպես կարմիր դերիա ունեիր հագած, ինչպես հիմա։

— Առաջին անգամ ո՞րտեղ տեսար ինձ, — հետաքրքրությամբ հարցրեց Թամարը։ — Այդ ե՞րբ էր։
— Երկու տարի առաջ։ Ես քեզ տեսա ճանապարհին, քոծերի հետ տուն էիր գնում․ դու ինձ կաթ խմացրիր։ Չե՞ս հիշում։

Թամարը մատը դրեց բերնին, գեղեցիկ, երկայն թերթերունքներով պատած վերնակոպերը խոնարհեցրեց, մտածության մեջ ընկավ։ Րոպեական լռությունից հետո գլուխը բարձրացրեց և ուղիղ պատանու երեսին նայելով, ասաց․

— Չեմ հիշում։ Երկու տարի դրանից առաջ․․․ ես քեզ ճանապարհին կաթ խմացրի․․․ չեմ հիշում․․․ — կրկնեց նա մի առանձին խորհրդավոր ձայնով։

— Այո՜, երկու տարի առաջ․․․ — պատասխանեց պատանին սրտի բաբախմունքից դողդոջուն ձայնով։ — Այն օրից ես հանձն առա ձեր հովիվը լինել։

— Ինչո՞ւ, — հարցրեց Թամարը և մի նուրբ ժպիտ փայեց նրա սիրուն շրթունքների վրա։

— Որ կարողանամ քեզ շուտ-շուտ տեսնել։

Վերջին խոսքը լսելու ժամանակ Թամարը ծիծաղելով փախավ Դավթի մոտից, իսկ հեռանալու միջոցին կանգ առեց, և ապշած պատանու ականջներին հասան հետևյալ խոսքերը, երբ նա իր ուրախությամբ լի դեմքը դարձնելով, ասաց հեռվից․

— Ես թեև դեղին ծաղիկներ չեմ սիրում, բայց այդ փունջը ինձ հետ կտանեմ, նրա համար, որ դու ես քաղել, — կպահեմ ու միշտ կպահեմ սրտիս վրա․․․

Այդ խոսակցությունը պատանու և Թամարի մեջ տեղի ունեցավ ոչխարների կայարանից փոքր-ինչ հեռու, մի առվակի ափի մոտ։ Խիտ թուփերը ծածկում էին նրանց թե հովիվների և թե Թամարի հետ եկած աղախինների աչքերից։ Վերջինները այդ ժամանակ զբաղված էին ոչխարներ կթելով։ Բայց թե պատանին և թե մանկահասակ աղջիկը չկարողացան նկատել, որ նրանցից մեկը, սատանայի նման թուփերի մեջ թաքնվելով, ուշադրությամբ լսում էր երկու սիրահարների մտերմական խոսակցությունը, և մեծ հետաքրքրությամբ զննում էր նրանց բախտավոր երեսների գծերի ամենափոքր շարժմունքները, և արտահայտության ամենաթեթև նշմարը։

Թամարի հեռանալուց հետո նա դեռ երկար մնաց իր դարանի մեջ, բարկությամբ նայում էր Դավթի վրա, որը այդ րոպեում անշարժ արձանի նման, սառած, ապշած կանգնել էր, բոլորովին չկարողանալով իրան հավատացնել, թե տեսածը իրողություն էր,

թե լսածը Թամարի խոսքերն էին։ Նա շտապով վազեց օրիորդի հետևից, որ գոնե միանգամ ևս տեսնե նրան, բայց նա աղախինների խումբի հետ գնացել, հեռացել էր արդեն։ Այդ միջոցին թուփերի մեջ թաքնված դարանակալը դուրս եկավ իր գաղտնարանից, և զարտուղի ճանապարհներով վազ տալով, հասավ իր ընկերուհիներին։
Այնուհետև պատանին ամեն առավոտ, դեռ վաղորդյան ցողը չբարձրացած, քաղում էր լեռներից Թամարի սիրած ծաղիկները, փունջեր էր կապում, գցում էր աղբյուրների հստակ ջրերի մեջ, որ թարմ ու անթառամ մնան Թամարին ընծայելու համար։ Բայց ծաղիկները օրերով, շաբաթներով մնում էին աղբյուրների մեջ, գունատվում էին, թառամում էին, իսկ Թամարը չէր երևում։ Պատանին նորերն էր քաղում, նոր փնջեր էր կապում, բայց Թամարը չէր գալիս ու չէր գալիս նրանց տանելու համար։ Ի՞նչ էր պատահել, արդյոք հիվա՞նդ էր նա, — պատանին ոչինչ տեղեկություն չուներ։ Վերջին տեսությունից հետո անցան շաբաթներ, անցան ամիսներ, նա Թամարին չէր տեսել։ Նա բոլորովին կորցրեց իր սրտի ուրախությունը և օրըստօրե սկսեց ավելի տխուր, ավելի լուռ ու մունջ լինել։ Պատանու տրտմությունը, նրա անմխիթար հալումաշ լինելը, չէր կարելի, որ աննկատելի մնար իր ընկերներից, որոնց բոլորի ուրախությունն էր նա, որոնք անդադար հարցնում էին նրա թախծության պատճառը, բայց ոչինչ չէին կարողանում դուրս բերել լուռ և ծածկամիտ Դավթից։

Սիկոյի իրավասության ներքո գտնվող հովիվների թիվը, բացի Դավթից, վեց հոգի էր։ Դավիթը իր բնավորության քաղցրությամբ սիրլի էր դարձել ամենին։ Ոչխարների հանգստի մոտ, գիշերային խարույկի շուրջը բոլորած, պատանին շատ անգամ զվարճացնում էր նրանց իր երգերով։ Որպես սյունեցի, գիտեր նա ածել թառի վրա և խիստ հաջողակ ձայն ուներ․ բայց վերջին օրերում նրա ձայնը բոլորովին լռեց;

— Ի՞նչ է պատահել քեզ հետ, — մի գիշեր հարցրեց պատանի Գեվոն, գտնելով նրան ոչխարների կայարանից հեռու, պառկած մի ժայռի մոտ։

— Ոչինչ, — պատասխանեց Դավիթը, իր տեղից չշարժվելով, — քեֆս մի փոքր լավ չէ, կարելի է մրսած լինեմ։

Դավթի ընկերների մեջ Գեվոն միակն էր, որ բոլորից ավելի մտերիմ էր նրա հետ, և վերջին ժամանակներում լռությամբ հետազոտում էր նրա դրությունը, թեև ընկերոջը ոչինչ չէր հայտնում։

— Ես գիտեմ, — ասաց նա, խոնարհվելով իր ընկերոջ երեսի վրա, — դու ոչ հիվանդ ես և ոչ մրսած, բայց գիտեմ, թե ինչո՞ւ է քեֆդ վատ։
— Ինչո՞ւ է վատ, — հարցրեց Դավիթը, գլուխը վեր բարձրացնելով։

— Դու ինձանցի ծածկո՞ւմ ես, Դավիթ, ես կարծում էի, դու ամեն բան կասես ինձ, — խոսեց Գեվոն փոքր-ինչ վիրավորված կերպով։

— Ի՞նչ բան պիտի ասեմ քեզ․ դու ինքդ ասում ես, թե ամեն բան իմանում ես։

— Հա, իմանում եմ․․․

— Ի՞նչ ես իմանում։

— Դու նրա համար ես տխուր, որ Թամարը էլ ոչխարների մոտ չէ գալիս։ — Բայց գիտե՞ս, թե ինչու համար չէ գալիս։

— Ես ոչինչ չգիտեմ, թե դու մի բան գիտես, ասա՜։

— Կասեմ, — պատասխանեց Գեվոն բարեկամական կարեկցությամբ և սկսեց պատմել իր հավաքած տեղեկությունները։ Նա հիշեցրեց Դավթին նրա վերջին անզգույշ տեսությունը Թամարի հետ, հիշեցրեց նրանց սիրային խոսակցությունները, ավելացնելով, որ այդ միջոցին աղախիններից մեկը թուփերի մեջ թաքնված լսում էր նրանց, և նա գնացել, բոլորը իմացում է տվել նրա խորթ մորը։

Վերջին խոսքերը լսելու ժամանակ Դավիթը բոլոր մարմնով դողաց․ նրան տիրեց մի տեսակ սոսկում, կարծես, ամբողջ քարաժայռը, որի տակին պառկած էր նա, փուլ եկավ նրա գլխին։ Նրա երկյուղը, նրա սարսափը իր մասին չէր․ նա այն տեսակ երկչոտ բնավորություններից չէր, որ վախենար իր հարաբերությունների — մի իշխանազն աղջկա հետ հայտնվելուց, թող թե, դա մեծ պարոնի եղբոր աղջիկը լիներ։ Շատ-շատ, կթողներ այդ երկիրը և կհեռանար, իր հետ տանելով Թամարի թե սերը և թե տրտմությունը։ Բայց նա վախենում էր նույն իսկ Թամարի մասին, որ իր պատճառով պիտի տանջվեր, պիտի հալածվեր, անարգ նախատինքներ պիտի կրեր։

— Դրանցից ոչ մեկը չի լինի, — մխիթարեց նրան բարեսիրտ Գեվոն, — դրանք կարող էին պատահել, եթե Թամարի մայր խորթ մայր չլիներ։ Բայց նա բավականացավ միայն նրավով, որ արգելեց Թամարին տնից դուրս գալ։

— Նա կարող է հայտնել մեծ պարոնին, — ասաց Դավիթը վրդովված ձայնով։
— Նա ոչ ոքին չի հայտնի, և խստությամբ պատվիրել է այն աղախնին, որ լուռ մնա։

— Դու ո՞րտեղից գիտես։

— Ես գիտեմ․․․ այն աղախինը իմ բարեկամս է․․․ Նա ասաց, թե տիկինը այն աստիճան ատում է Թամարին, որ գուցե շատ ուրախ կլինի, եթե նա խայտառակվելու համար կպսակվի մի հովվի հետ։

— Էլ ինչո՞ւ է արգելում նրան այստեղ գալ, — հարցրեց Դավիթը, փոքր-ինչ հանգստանալով։

— Ո՞վ է իմանում, ինչ սատանայական մտքեր ունի, — պատասխանեց Գեվոն ծիծաղելով։

— Ես նրա սատանայական մտքերը կոչնչացնեմ․․․ — խոսեց պատանին խորհրդավոր ձայնով․ — ես երբեք չեմ թողնի, որ Թամարը խայտառակ լինի․․․
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top