Զույգ մ՚աշխարհներ ես տեսի
Ճառագայթից, բույրերու
Եվ փափկության ու լույսի։
Ո՜հ, չ՚է՛ նոցա պես անբիծ
Իտալական վեհ երկին,
Եթե չ՚ունին աստեղց բույլ,
Ամպ ու կայծակ ալ չ՚ունին:
Ո՜հ, հավիտյան միշտ կոկոն
Կարծես զույգ մը ծաղիկ են,
Բայց նըման կույս սրտերու՝
Կարի քաղցըր կը բուրեն:
Ձեռք կարկառել ս՚աշխարհաց
Ակնախըտիղ ու անտես՝
Հանդուգն ըլլալ է լոկ քան
Զ՚աշխարհակալն Արտաշես:
Ի՞նչպես արդյոք կերտեց Նա
Լուսագունդներս այս դողդոջ,
Նա աշխարհի քան ըզկերտ՝
Մտածեց ոգի տալն կընոջ:
Կը դողդողան իմ շուրթեր
Հըպիլ սիրո այդ խըռով
Կոկոն-ծաղկանց՝ խամրելու,
Արատելու երկյուղով:
Այլ որ շուրթերն հանդըգնի
Հըպել հրաշից այդ լույսե,
Կ՚երդնում յ՚աշխարհն աստեղաց,
Թե նա դա՛ր մը կը ծըծե:
1871