Հովանիին տակ էշիս՝
Որ քովս սա կոճղին կապած՝ կը շըփե
Աղու ծընոտը ուսիս:
Տափաստանին վըրա, խաղաղ, կը փըռվի
Ճերմակ ալիք մ՚արևու՝
Որուն մեջ լյուղ կու գան դեզերն, և կըրիան
Եկեր է հոն տաքնալու:
Թևը հովին, ծանրացած գաղջ բույրերով,
Հազիվ ծույլ ծույլ կը շարժի:
Կովին ըստվերը փառահեղ լույսին վրա՝
Սև կարկըտան մէ լայնշի:
Շինականն իր կահն ու կազմածը բերած՝
Հոն հիմներ է նո՜ր գյուղակ…
Հեռուն՝ լըքված իր մամռապատ շեմին վրա
Կը հըսկե գամփռը մինակ:
Կալերուն մեջ դեզը՝ ծեփված արևով՝
Կարծես տընակ մէ ոսկի:
Տերևախիտ ծառին զով շուքը կ՚ըլլա
Առագաստ մը նոր հարսի:
Ու ես նըստած հովանիին տակ էշիս
Կ՚երգեմ քաջերը հողին՝
Որոնք մանգաղն հազիվ կախած պատն ի վար՝
Կը կըրթեն ցուլը՝ կամին:
Կ՚երգեմ հոտաղն՝ որ կը հարթե կալատեղ
Լողքարի՛ն զինքը լըծած,
Մինչ քըրտինքով կը թըրջըվի շապիկն իր
Կուրծքին վըրա՝ պատըռտած:
Կ՚երգեմ հարսերն՝ որ հինան դեռ մատերնուն՝
Կը մաղեն ժիր ժիր գարի.
Կը թափթըփին իրենց մաղին ծակերեն
Կարծես շիթեր գոհարի:
Կ՚երգեմ մշակներն՝ որ սայլերուն կատարին
Աստվածներու պես կանգուն՝
Երկժանիով կատաղորեն կը քանդեն
Ճակատն հըսկա դեզերուն:
Կա՜մը կ՚երգեմ՝ որ կը նավե շուրջն հունձքին
Իբրև հրագույն լիճի վրա,
Հետո ցորե՜նն աշխարհածուփ՝ որ արդեն
Հարդերուն մեջ կը լողա:
Օ՛, ի՜նչ քաղցր է երթալ խառնվիլ էությամբ
Այդ սըրբագույն վաստակին.
Տըրեխներեդ մինչև մազերդ համակվիլ
Մըղեղներուն մեջ դեզին:
Փուռի կայծի՜ն, դաշտի հացի՜ն ի խնդիր
Ըլլալ Պա՜նը կալերուն,
Վերադարձնել ջաղացքներուն սըրտին մեջ
Իրենց երգերը անհուն: