Ու մտածելն է դժվար, խորհրդածելն է դժվար.
Եվ հորիզոնն ահա՝ մեջս վեճեր հարուցում,
Ապացույց է պահանջում աքսիոմն՝ իբրև բարդ թեորեմ,
Փոխատեղվել են ուզում խորտակում ու կառուցում.
Հավատալը հեշտ է շատ, ու դժվար է մտորել:
Ըստվերներն են լճանում, տակնիվրա կրծքիս տակ
Մենությո՞ւնն է մամլվում, թե՞ կասկածանքը՝ կոպիտ:
Մի կաղ անձրև է քայլում, մի կույր լապտեր է փայլում,
Ու խաղում է շուրթերիս ապակետիպ մի ժպիտ:
Լուցկին վռթաց ու հանգավ, իմ ծխամորճն է գործում.
Ամերիկյան վայրենիք թող կեցցեն ու զորանան,
Որ թունավոր այս թփով քաղցրացնել են փորձում
Դառնությունը մեր բերնի և օգնում են մոռանալ
Մեր ցավերը...
Եվ սակայն մոռացումից ի՞նչ օգուտ,
Թե՞ աչքերիդ փառ կա հաստ, որ չի սրբվում,
Եվ հոգուդ կպել է մի սարդոստայն, որ հյուսված է մետաղից:
Պաղ շնչի մեջ ճենճահոտ ինչ-որ անմեղ մատաղի
Բողոքական մի քամի իր ուսմունքն է քարոզում.
Եվ իզուր է քարոզում, քարոզումը՝ անտեղի.
Հավատալը հեշտ է շատ, իսկ ես խորհել եմ ուզում...
Ու ես, առանց հանվելու, կոշիկներս էլ ոտքներիս
Իմ անկողնին եմ փռվում ինչ-որ թաքուն մի ոխով,
Ճմռթում եմ վերմակիս ստող ծաղկունքը չթե,
Չթե՛ գարուն,
Չթե՛ վարդ,
Չթե՛ ծառեր,
Չթե՛ խոտ...
Ի՞նչ եմ կորցրել՝ չեմ գտնում, ի՞նչ եմ փնտրում ես մթնում
Եվ ո՞ւմ կողմից եմ արդյոք լիազորված տանջվելու:
Ու բարձը, որ գլխիս տակ պիտի դնել, ես հիմա
Գլխիս վրա եմ դնում. նոր խեղկատակ մի հիմար,
Եվ քայլում եմ պատից պատ ու փոխանակ մնջվելու՝
Քրքջում եմ գժի պես,
Քրքջում եմ,
Քրքջու՜մ...
Հետո խմում մի կում ջուր, որ ազդում է ինձ վրա
Ինչ-որ չեղյալ դեղի պես...
Հանդարտվում եմ. կարծես թե ներսս չեն էլ իսկ խառնել,
Անհավասար պայքարից ես հաղթող եմ դուրս գալիս,
Ես հաղթող եմ դուրս գալիս, սակայն լոկ այն ցեղի պես,
Որ թշնամուն կարծես թե մահացու ջարդ է տալիս,
Բայց չի զորում թշնամուց իր դրոշը հետ խլել:
Լուռ եմ,
Թափուր,
Ամայի...
Դաշտում ընկած շշի պես.
Մտքի ոչ մի կենտ կարիճ՝ էլ ու՞ր մնաց թե վտառ,
Ու հասկանում եմ հանկարծ, հասկանում եմ, որ, գիտե՞ս,
Մտածելն է հեշտացել, ու դժվար է հավատալ...