Թեթև դերերից,
Էժան սերերից
Եվ ա՛յն նորերից,
Որ հաստատվելիս
Ու թուխս նստելիս
Միշտ հինն են ծնում.
Եվ ա՛յն օրորից,
Որ քուն չի բերում,
Այլ, ավելի շուտ, քուն է փախցընում...
Մի՛շտ խուսափելով,
Ճի՛շտ խուսափելով՝
Պիտի չհասնեմ և ա՛յն դրության,
Երբ փափուկ բանի հեշտ կտրվելը
Վերագըրվում է թրի սրության.
Լողալ չիմացող մարդու խեղդվելը`
Լճի խորության.
Ստիպողաբար կռվում հաղթվելը`
Սրտի բարության.
Օժտված մարդու հաջողությունը՝
Քաջնազարության.
Իր սկզբունքին հաստատ մնալը՝
Մտքի քարության...
Ես խուսափում եմ դեռ շա՜տ բաներից:
Ես խույս եմ տալիս
Թեթև բաներից վիրավորվելուց.-
Շատ եմ ինքնասեր.
Եվ անպատասխան սիրահարվելուց.-
Սիրառատ եմ շատ.
Եվ շիլ դառնալուց՝
Իմ խեղճ աչքերի անվերջ չռվելուց.-
Զարմանում եմ դեռ.
Ամեն կշեռքի թաթին դրվելուց.-
Իմ քաշը գիտեմ.
Ամեն առիթով իսկույն սրվելուց.-
Եվ ի՜նչ եմ տաշում,
Լոկ ի՛նձ եմ մաշում...
Չե՜մ ուզում տրվել, ամեն մի կրքի,
Չե՛մ ուզում տրվել.-
Ես շատ եմ կրքոտ.
Չե՜մ ուզում կռվել հիմարների հետ,
Չե՛մ ուզում կռվել.-
Էլ ջիղ չմնա՜ց.
Ուզում եմ ծռվել՝ բա՜ն չի ստացվում
Եվ չի՛ ստացվի.-
Բունս է հաստացել...
Գուցե վտարվե՞լ ուրախ շրջանից.-
Հաճախ եմ տխրում.
Գուցե վթարվե՞լ՝ մեքենայի պես.-
Մաշվում եմ անվերջ.
Գուցե կտըրվե՞լ այս խոկումներից.-
Ես էլ եմ հոգնում...
Ես խույս եմ տալիս և զուր այրվելուց.-
Ո՞ւր եք , մրսողնե՛ր,
Մո՜տ եկեք գոնե.
Ես խույս եմ տալիս և զուր լարվելուց.-
Դեռ շա՜տ գործ ունեմ,
Որ չարվի՛ գուցե...
Ես խույս եմ տալիս
Ամեն քամոցով իսկույն թորվելուց.-
Ջուր եմ հանքային:
Ես խույս եմ տալիս,
Բայց չեմ վախենում շուտ պղտորվելուց.-
Աղբյուր եմ լեռան:
Ես խույս եմ տալիս,
Բայց չեմ սարսափում և խոտորվելուց.-
Ճամփա կգտնեմ...
...Եվ չխուսափե՞մ այն դրությունից,
Որ լոկ գալիս է մեր խլությունից:
Խուլին ասում են.
- «Ցուրտ է, չես մրսո՞ւմ»:
Խուլն էլ ասվածը խլաբար լսում
Եվ ի պատասխան իրենն է ասում.
- «Հա՛, ճիշտ եք լսել, մեր անտեր ցուլը
Կա-չկա կարծեց, թե փորոտիք է՝
Զարկեց ու պատռեց մեր գինու տիկը...»:
Ես խույս եմ տալիս ո՛չ թե խուլերից,
Այլ կարաս ջարդող
Ու տկճոր պատռող
Բոլո՜ր անմակդիր նման ցուլերից...
14-15.VI.1957թ.
Մոսկվա