Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Երեկվա տվյալների համաձայն` աշխարհում արդեն 37 երկրում արձանագրվել են կորոնավիրուսով վարակվածության դեպքեր: Ընդհանուր 81 191 հաստատված դեպք է արձանագրվել, որից 78 191-ը՝ Չինաստանում և որից մահվան ելքով՝ 2718-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կներեք պարոն Թորոսյան, այսինքն մյուսները բուժվում են, կազդուրվում են:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Մեծ մասը միանշանակ բուժվում, կազդուրվում են և դրանց մեծ մասն էլ ինքնուրույն, այսինքն նույնիսկ բժշկական օգնության կարիք չկա: Այստեղ խոսքն այն է, որ եթե օրինակ որևէ շնչառական սիմպտոմ մենք նկատենք, օրինակ հազ կամ փռշտոց և այդ տեստը դնենք՝ հնարավոր է, որ, խոսքն իհարկե Հայաստանի մասին չէ այս պահին, որովհետև դեռևս հաստատված որևէ դեպք չունենք: Օրինակ նույն Չինաստանում, այդ փռշտացող մարդու մոտ կարող է հայտնաբերվել սովորական սեզոնային գրիպ կամ կորոնավիրուսով վարակվածություն և այդ թիվն ավելանում է նաև դրա շնորհիվ: Եթե ծանր դեպքերի մասին խոսենք, ապա մոտովորապես 5 տոկոսի շրջանակներում են ծանր դեպքերը, որոնք բժշկական օգնություն են պահանջում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն դեպք կա, երբ մարդ կարող է կորոնավիրուսով վարակվի՝ թեյ խմի, սուրճ խմի, օղի խմի, հաջորդ օրը վեր կենա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Դա մի կողմից դրական է, բայց մյուս կողմից էլ բացասական, երբ հայտնաբերելիության առումով դու իրեն որպես դեպք չես կարող դիտարկել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դե եթե մարդը գլխի չի ընկել, որ ինքը կորոնավիրուսով վարակվել է՝ ո՞նց պետք է հայտնաբերի:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Այո, իսկ տարածաշրջանին վերաբերող թվերը հետևյալն են. Իրանի Իսլամական Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալներով ունենք արձանագրված 139 դեպք, որից 19-ը մահվան ելքով և վերջին ինֆորմացիան՝ Վրաստանում արձանագրված մեկ դեպքն էր երեկ երեկոյան: Ես առավոտյան խոսել եմ իմ գործընկերոջ հետ: Նրա հետ շփված անձանց մոտ տեստը բացասական է ցույց տվել և նրանք մեկուսացվել են, որպեսզի երկու շաբաթվա ընթացքում կամ կդառնան վարակակիր կամ արդեն առողջ համարվելով դուրս կգրվեն: Համարում եմ, որ Վրաստանում մեկ դեպքի արձանագրումով համաճարակաբանական վիճակն էականորեն չի փոխվի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ընդ որում, պետք է արձանագրել, որ հիվանդը, պացիենտն Իրանից Ադրբեջանի տարածքով գնացել է Վրաստան և նա ըստ էության շփվել է միայն սահմանային անցակետի աշխատողների հետ: Այդ 4 անձինք, որոնց հետ շփվել է՝ սահմանային անցակետի աշխատողներ են, նրանց հետ աշխատանք է արվել, տեստ է արվել և բացասական պատասխաններ են եկել: Այսինքն գործնականում այսպես ասած Վրաստանում վարակվելու դեպք մենք չունենք:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Լոկալ վարակի դեպք չկա, դա բերովի դեպք է, որը լավ միջոցառումների շնորհիվ հնարավոր է, որ չտարածվի: Ամեն դեպքում կարծում եմ՝ մենք գրեթե նույն միջոցառումներն ենք անում Հայաստանում և Վրաստանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ էի ուզում հարցնել, օրինակ իրենց աշխատանքն այդ դրվագով բավական տպավորիչ էր: Ես հույս ունեմ, որ մենք էլ առնվազն նույն մակարդակով պատրաստ ենք:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Այո, պարոն վարչապետ: Եվ կառավարության վերջին որոշման համաձայն, երբ սահմանափակեցինք Իրանից ուղևորահոսքերը՝ կարող եմ տեղեկացնել, որ, իհարկե ինչպես Դուք նշեցիք, դա չի վերաբերվում Հայաստան վերադարձող մեր հայրենակիցներին: Երեկ ինքնաթիռով վերադարձել են 52 նարդ, որոնց ուղեկցել է նաև մեր աշխատակիցը, որպեսզի տեղում՝ օդանավում պարզի կա՞ արդյոք պոտենցիալ պացիենտ, որ մենք Երևանում պատրաստ լինենք նրան դիմավորել: Նման քաղաքացի չի եղել, բոլորը եղել են այդ պահին առողջ և ուղեկցելով Երևան՝ նորից տեղում էլ է զննում կատարվել և ես ուզում եմ հատուկ նշել, որ շատ ենք լսել, որ զննումը բավարար չէ: Ես կարող եմ ասել, որ համաճարակաբանական և հիվանդության կանխարգելման տեսանկյունից այլ ավելի էֆեկտիվ միջոցառումներ պարզապես չկան: Այսինքն այն ջերմաչափումը և զննումը, որ մենք կատարում ենք սահմանային անցակետերում, այն առավելագույնն է, որ հնարավոր է կատարել նման հիվանդություններով վարակվածության դեպքում: Եվ հետևաբար, այս պահի դրությամբ ահագնացող դեպք չենք ունեցել: