2 ԵԴԵՄԻ ՊԱՐՏԷԶԸ
1 Այսպիսով Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը եւ կարգաւորեց դրանք:
2 Աստուած վեցերորդ օրն աւարտեց արարչագործութիւնը եւ իր կատարած բոլոր գործերից յետոյ՝ եօթներորդ օրը, հանգստացաւ:
3 Աստուած օրհնեց եօթներորդ օրը եւ սրբագործեց այն, որովհետեւ այդ օրը Աստուած հանգստացաւ իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել:
4 Այս է երկնքի ու երկրի արարչութեան պատմութիւնը: Այն օրը, երբ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը,
5 երկրի վրայ դեռ ոչ մի տունկ չէր բուսել, դեռ ոչ մի դաշտային բոյս չէր աճել, որովհետեւ Տէր Աստուած անձրեւ չէր տեղացրել երկրի վրայ, եւ մարդ չկար, որ մշակէր հողը,
6 բայց աղբիւր էր բխում երկրից եւ ոռոգում ողջ երկիրը:
7 Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դէմքին կենդանութեան շունչ փչեց, եւ մարդն եղաւ կենդանի էակ:
8 Աստուած դրախտ տնկեց Եդեմում՝ արեւելեան կողմը, եւ այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն:
9 Տէր Աստուած երկրից բուսցրեց նաեւ ամէն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տուող ծառեր, իսկ կենաց ծառը եւ բարու ու չարի գիտութեան ծառը տնկեց դրախտի մէջտեղում:
10 Գետ էր բխում Եդեմից, որպէսզի ոռոգէր դրախտը, եւ այնտեղից բաժանւում էր չորս ճիւղերի:
11 Մէկի անունը Փիսոն էր: Նա է, որ պատում է ամբողջ Եւիլատ երկիրը, այնտեղ, ուր ոսկի կայ:
12 Այդ երկրի ոսկին ազնիւ է: Այնտեղ կայ նաեւ սուտակ եւ դահանակ ակնաքարը:
13 Երկրորդ գետի անունը Գեհոն է: Նա պատում է Եթովպացւոց երկիրը:
14 Երրորդ գետը Տիգրիսն է: Սա հոսում է դէպի Ասորեստան: Չորրորդ գետը Եփրատն է:
15 Տէր Աստուած իր ստեղծած մարդուն տեղաւորեց բերկրութեան դրախտում, որպէսզի սա մշակի ու պահպանի այն:
16 Տէր Աստուած պատուիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել,
17 բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք»:
18 Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար»:
19 Տէր Աստուած ստեղծեց նաեւ դաշտային բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին եւ բերեց Ադամի մօտ, որ տեսնի, թէ Ադամը ինչ անուն կը տայ դրանց: Եւ Ադամն ինչ անուն որ տար ամէն մի կենդանուն, այն էլ կը լինէր դրա անունը:
20 Ադամը բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին եւ դաշտային բոլոր գազաններին տուեց անուններ, բայց Ադամը չգտաւ իր նմանութիւնն ունեցող մի օգնական:
21 Տէր Աստուած թմրութիւն բերեց Ադամի վրայ, եւ սա քնեց: Աստուած հանեց նրա կողոսկրերից մէկը եւ այդ տեղը մաշկով ծածկեց:
22 Տէր Աստուած Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մօտ:
23 Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից: Թող սա կոչուի կին, որովհետեւ իր ամուսնուց ստեղծուեց»:
24 Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին:
25 Եւ երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում: