Սիրուն ընկուզիկ, թող բունդ մտնեմ, քիչ հանգստանամ, ապրենք միասին: Դու դեռ փոքր ես, քեզ կօրորեմ, հեքիաթներ կասեմ ու քեզ կուրախացնեմ:
Մի թողնի այդ թափառականին քո տունը: Ո՞վ գիտե դրա տունն ու բունը, վարքն ու բարքը, – ասացին փոքրիկ ընկույզին նրա եղբայրները:
– Այդ ձեր բանը չի, ի՞նչ եք խոսում իզուր տեղը. ես ինձ համար, դուք՝ ձեզ համար, – պատասխանեց ընկուզիկը և հյուր ընդունեց ծերունի որդին:
Ագահ և չարամիտ որդը ծակեց ընկույզի կեղևը, ներս մտավ, միջուկը կերավ, դատարկեց, նստեց ու երգեց.
– Մի նոր ընկույզ ես գտա,
Ծակեցի ու ներս մտա,
Կերա, կերա կշտացա,
Դատարկ մնաց՝ վշտացա:
Այդպես երգում և ծափ էր տալիս ավազակ որդը դատարկ կեղևի մեջ: Ծափ էր տալիս ու ասում.
– Դուրս գամ ծառը չափչփեմ.
Տեսնես ում կխաբխբեմ,
Ինձ որդ կասեն, ծերուկ որդ,
Լեզուս քաղցր, շողոքորթ:
Փոքրիկ, անփորձ ընկույզը զոհ էր գնացել չար, ավազակ որդին… Քամին էր միայն մեջը վզվզում, իսկ հարևանները նայում էին նրան ու ափսոսում: