Եվ ուղի չըկա երկիրըդ գալու.—
Տխուր երգերըս որքան էլ հնչեն,
Որքան էլ հնչեն, քեզ չեն հասնելու։
Ոչ հըմայական աղոթքներ և ոչ
Նվագներ գիտեմ, որ սիրտըդ դյութեմ,—
Հլու է կամքիդ իմ սիրտը դողդոջ,
Իմ սիրտը բաց է քո նիզակի դեմ։
Փռված եմ ահա քո գեղեցկության,
Քո անքննելի կարողության դեմ.
Լուսավորի՛ր սև համրությունն իմ տան.
Ամբողջ աշխարհը քո ցոլքն է արդեն։
Հայտնվի՛ր անհուն փայլով ու փառքով,
Ժպիտըդ փռիր իմ երկրի մթնում.
Տանջի՛ր ինձ վերջին քաղցր տանջանքով,
Քեզ գո՛վք, քեզ օրհնե՛նք, քեզ փա՛ռք անհատնում...