Մառախուղ է և մշուշ. —
Ո՞վ է անվերջ հեծեծում,
Ո՞վ է կանչում այսպես ուշ։
Ո՞վ է շրջում անդադար,
Ու՞մ է կանչում հիմա նա,
Ես հեռու եմ, ես օտար,
Ասացե՛ք՝ թող հեռանա...
Ասացե՛ք՝ թող հեռանա.
Թող մոռանա ինձ հավետ,—
Անդարձություն է հիմա,—
Չկա դարձի արահետ։
Մեկը կորած շիրմիս մոտ
Հեկեկում է և երգում. —
Ո՞ւմ լացն է այն, ո՞ւմ ցավոտ
Երգն է ճերմակ մրրկում...
Իմ շիրիմը հեռավոր,
Ե՛վ մոռացված, և՛ մենակ,
Ո՞վ է հուզում մենավոր
Իր թախիծով շարունակ։
Օտար երկրի դաշտերում,
Ցուրտ գիշերում ձմեռվա
Ո՞վ է անքուն դեգերում,
Անվերջ սգում իմ վրա....