Ծնվել է 25 մարտ, 1864 -Մահացել է 24 փետրվար, 1931
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1885թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Որպես ուսուցիչ աշխատել է Ախալցխայում, Ախալքալակում, Ալեքսանդրապոլում: 1894թ. ավարտելով Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժինը` ստացել է սոցիալական գիտությունների թեկնածուի աստիճան և 6 ամիս աշխատել Վիեննայի Մխիթարյանների մոտ: Վերադառնալով Անդրկովկաս՝ 1895-97թթ դասավանդել է Շուշիի թեմական դպրոցում: Այստեղ համախմբելով ժամանակի լավագույն գիտական ուժերը (Մ.Աբեղյան, Թ.Թորամանյան, Հ.Աճառյան, Լեո, Լ.Մելիքսեթ-Բեկ, Ս.Լիսիցյան, Խ.Սամուելյան, Ս.Զելինսկի և այլք)՝ ձեռնամուխ է եղել «Ազգագրական հանդես»–ի ստեղծմանը (առաջին գիրքը լույս է տեսել 1896թ.): 1900թ. նոյեմբերի 21-ին Թիֆլիսում կազմակերպել է Ազգագրական հրատարակչական ընկերությունը, իսկ 1906թ.՝ Հայոց ազգագրական ընկերությունը: Ընկերության կազմակերպած թանգարանը նրա ջանքերով 1921թ. Թիֆլիսից փոխադրվել է Երևան: Դարձել է թանգարանի առաջին վարիչը: «Ազգագրական հանդես»-ում պարբերաբար լույս են տեսել նրա «Ջավախք», «Վարանդա», «Սիսիան», «Ղափան», «Գանձակի գավառ», «Բորչալուի գավառ», «Վասպուրական», «Գողթան գավառ», «Վայոց ձոր», «Նախիջեան կամ Նախճավանի ոստիկանական շրջան», «Զանգեզուր», «Նոր Բայազետի գավառ կամ Գեղարքունիք», «Ծիսական կարգերը հայոց մեջ» (1901-16թթ) աշխատություններն ու բազմաթիվ հոդվածներ: Հավաքել և հրատարակել է չափազանց արժեքավոր բանահյուսական նյութեր: «Ազգագրական հանդես»-ում, առանձին գրքերով՝ «Ջավախքի բուրմունք» (1892թ.), «Հոբոս» (1903թ.), «Մոլլա-Նասր-Էդդինը» (1904թ.), «Պառավաշունչ» (1911թ.), «Մարգարիտներ հայ բանահյուսության» (3հ., 1914-15թթ) գործերը, գրի է առել հազարավոր հեքիաթներ, առակներ, առածներ: Պեղումներ է կատարել Շարուր-Դարալագյազի, Նախիջևանի, Նոր Բայազետի գավառներում, Շրեշ բլուրում, Նուխի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում, Էլարում: Հիշարժան են Ադյաման գյուղի Դեմեր կոչվող հանդամասում պեղված դամբարանը (հանվել է բարձրարվեստ փորագրությամբ զարդարված դիակառք), արամեական արձանագրությունը, ցցատների հետքերը Սևանա լճից արևելք և այլն: Նրա հնագիտական ուսումնասիրություններն ամփոփված են «Դամբարանների պեղումները Խորհրդային Հայաստանում» (1931թ.) գրքում: Հայ նյութական մշակույթը հասարակության լայն խավերին ներկայացնելու նպատակով հրատարակել է Վայոց Ձորի, Վասպուրականի և Նոր Բայազետի հուշարձաններին նվիրված 3 նկարազարդ, ստվարածավալ ալբոմ՝ հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն բացատրություններով: Հավաքել և հրատարակել է նաև արձանագրություններ: Նրա կազմած հայերեն արձանագրությունների ժողովածուն արժանացել է Լազարյան ճեմարանի Քանանյանի անվան մրցանակի: Ֆրանսերենից և ռուսերենից հայերենի է թարգմանել գիտնականներ Շ.Լետուրնոյի, Ա.Պոզոդայի, Գ.Կանեստրինի, Ա.Զվյագինցեի մի շարք աշխատություններ և գեղարվեստական գործեր (Ժ.Զանդ, Մոլիեր և այլն): Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: